Political Etudes

Այս հանրահավաքով պետք է միջազգային հանրությանը հիշեցնենք և հստակ պահանջների ձևակերպմամբ կրկին արտահայտենք մեր դիրքորոշումը.

30.10.2022

Դրանք ոչ թե առաջարկներ, այլ դիրքորոշումներ են: Առաջարկը գործնական, իսկ դիրքորոշումը՝ տեսական մոտեցում է: Politicaletudes.org-ի հետ զրուցում այսպիսի տեսակետ հայտնեց արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:

Jirayr Azizyan:

(բոլոր կողմերն էլ կարող են ունենալ իրենց դիրքորոշումները, որոնք դեռևս առաջարկ չեն: Առաջարկը նախևառաջ պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, իսկ այդպիսի առաջարկ դեռ չկա: Եթե արևմտյան դիրքորոշման հիմքում դրվում է Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա Ռուսաստանի դիրքորոշման պարագայում գոնե հակամարտությունը սառեցնելով ու առկախելով կարգավիճակի հարցը՝ Արցախում՝ մեր հայրենիքում ապրելու հնարավորություն ենք ստանում):

Ազիզյանը կարևոր է համարում անվտանգության երաշխիքների ձևավորման ուղղությամբ աշխատանքներ տանելը:

(Պետք է հասկանանք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին ձևավորված տարածաշրջանային այս դիսբալանսը պարզապես աշխարհում որևէ դերակատարի թույլ չի տալիս գնալ Արցախի կարգավիճակի ճանաչման ճանապարհով: Բացի դա, պետք է նշեմ, որ կարգավիճակի հարցը դեռևս հարցի լուծում չի ենթադրում: Եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Ադրբեջանը, միևնույն է, չի ճանաչելու: Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ մենք ոչ թե պետք է անընդհատ թմբկահարենք կարգավիճակի հետ կապված հարցը, այլ մեր առաջնահերթությունը պետք է լինի անվտանգության երաշխիքների հարցը, որոնք պետք է բավարարելի լինեն շահառուներիս՝ արցախահայության համար: Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը՝ պարզ է դառնում, որ արդեն գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները բավարար չեն: Իսկ այն երաշխիքները, որոնք բավարարելի կլինեն արցախահայության համար, պարզապես գործնականում չեն կարող ենթադրել մի այնպիսի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո. սՍա բացառված է: Առաջիկա հանրահավաքը պետք է կազմակերպվի հենց այս տրամաբանությամբ և հայրենասիրական ու աշխարհաքաղաքական իրողություններից կտրված թեզերի փոխարեն, պետք է շեշտը դնել այս կարևորագույն հանգամանքի վրա),- կարծում է քաղաքագետը:

Հարցին, թե ո՞ւմ պետք է հասցեագրվեն ուղերձները, Ռուսաստանին, թե՝ հավաքական Արևմուտքին, քաղաքագետը պատասխանեց. (Հավաքի ուղերձը ուղված է հենց Սոչիյում կայանալիք հանդիպմանը և սրանով փորձ է արվում որոշակի ազդեցություն ունենալ հանդիպման օրակարգում ներառված հարցերի քննարկման տրամաբանության վրա: Ես չեմ ասում, որ սա կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հակամարտության կարգավորման վրա, բայց, այնուամենայնիվ, ազդեցություն կարող է ունենալ: Այս առումով շատ կարևոր են հանրահավաքի ընթացքում շրջանառվող թեզերը, որոնք պետք է ընտրվեն շատ զգուշորեն:

Պետք է նշեմ, որ այս հանրահավաքն ուղղված է ոչ միայն Սոչիյում տեղի ունենալիք հանդիպմանը, այլ նաև ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը: Իրականում մենք պետք է այստեղ հստակ ձևակերպենք մեր իրավունքները, որոնց մասին, ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը և դրա դերակատարները, հատկապես՝ խնդրով զբաղվով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները շատ լավ տեղյակ են: Ռուսաստանը շատ լավ տեղյակ է, որ Արցախի Հանրապետությունն ունի ինքնորոշման իրավունքի իրացման շատ ավելի կայուն պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան Դոմբասի՝ իր կողմից ճանաչված և իր կազմում ընդգրկած շրջանները: Արևմուտքը ևս շատ լավ տեղյակ է Արցախի հակամարտության պատմությանը, միանշանակ շատ լավ գիտի, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունքի իրացման շատ ավելի ամուր պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան իրենց կողմից (անջատում հանուն փրկության) տրամաբանությամբ հռչակված Կոսովոն: Սակայն, աշխարհաքաղաքական շահերը թույլ չեն տալիս, որպեսզի ընդունեն այդ պարզ իրողությունները: Ուստի, մենք այս հանրահավաքով առաջին հերթին պետք է միջազգային հանրությանը և նրա բոլոր դերակատարներին հիշեցնենք և հստակ պահանջների ձևակերպմամբ մեր դիրքորոշումը կրկին արտահայտենք),- եզրափակեց մեր զրուցակիցը:

Izabela Sultanyan

🏷